ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Երևանի կենտրոնում ոչ թե շենք շենքի վրա պիտի լցնեն, այլ ունեցած միջոցներն ուղղեն դեպի հեռավոր գյուղերը»

«Երևանի կենտրոնում ոչ թե շենք շենքի վրա պիտի լցնեն, այլ ունեցած միջոցներն ուղղեն դեպի հեռավոր գյուղերը»
30.11.2012 | 12:03

«Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆԸ: Նրան բարձր են գնահատել իր գրչակից ընկերները: Պարույր Սևակը, մասնավորապես, ասել է. «Թաթուլ Բոլորչյանն ունի աշխարհին ու մարդուն սևեռված նոր հայացք, որ նրա բանաստեղծություններին տալիս է անուրանալի թարմություն: Նրա ոճը կուռ է ու կտրուկ, հեռու ավելորդ բացատրականությունից: Նրա լավագույն բանաստեղծությունների մեջ կապարագույն ծուխն է զգացվում իր ժողովրդի տառապանքների և կարմիր ծուխը այն կարոտների, որ արծարծուն են պահում նույն ժողովրդի հույսն ու հավատը»:


-Պարոն Բոլորչյան, 80-ականներին մի բանաստեղծություն եք գրել` «Խաղաղություն» վերնագրով, որում խոսում եք այն մասին, թե զինանոցները քնած են, վառոդի ձայնը մտել է թանգարան, չկան եռանկյուն նամակներ: Այն օրերին կարո՞ղ էիք մտածել, որ մի քանի տարի անց մեր փոքրիկ հայրենիքը դարձյալ պիտի վերածվի զինանոցի, ու պատերազմը, դրա սպառնալիքը պիտի դառնան մեզ համար առօրյա:
-Այն ժամանակ ես չէի կարող այսօրվա իրադարձությունները կանխատեսել: Խորհրդային հասարակարգում բոլորիս մեջ էլ վառվում էր մի կրակ, որովհետև Հայաստանի այդ հատվածը` Արցախը, կարծես օղակի մեջ էր, հեռու իր իսկական տիրոջից: Մենք մեր ներսում էինք մորմոքում, բացահայտորեն չէինք կարող խոսել այդ մասին: Երբ մեր այն ժամանակվա ղեկավարներից մեկին` Միկոյանին, այդ հարցով դիմեցին, նա ասաց, թե տարբերություն չկա` ինչ կարգավիճակում է Ղարաբաղը, միևնույն է, Խորհրդային Միության մեջ է: Դեռևս այն ժամանակվանից էինք մենք բորբոքված, ստորագրություններ էինք հավաքում: Երբ ոտք դրի համալսարան, ավելի մոտեցա այդ ընթացքին: Ամեն անգամ սիրտս մղկտում էր, երբ իմանում էի, թե ինչ է կատարվում Ղարաբաղի պատմական տարածքներում, հուշարձանների հետ: Չէ՞ որ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն այնտեղ էր հիմնել: Ղարաբաղյան պայթյունն ուշ թե շուտ պիտի լիներ: Սովետի փլուզումից հետո յուրաքանչյուրն իր սահմանների տերն ուզեց դառնալ: Եվ բացվեց հայերիս լեզուն: Բայց թուրքից կարո՞ղ ես հեշտությամբ հող պոկել: ՈՒ հին ֆիդայիների արյունը, կարծես, խաղաց մեր երիտասարդների մեջ: Եվ այնպես հավաք ու ոգևորված էինք մեկնում ճակատ` ազատագրելու Արցախը, կարծես հարսանիք էինք գնում: Դեռ 1965-ին` Հայոց ցեղասպանության 50-ամյակի տարում, մենք ոտքի էինք ելել: Այդ ժամանակ շատերին ձերբակալեցին, բանտերում տանջեցին: Ես մի օր համալսարանից դուրս էի եկել ու գնում էի հանրակացարան: Գետառի ափից Մասիս սարը շատ պարզ երևում էր: Ես նայեցի ու ասացի. «Բա հնար չլինե՞ր, մարդ ոտքով գնար-հասներ այնտեղ»: Մի ոստիկան այդ պահին թևս բռնեց ու տարավ ներքին գործերի նախարարություն: Այնտեղ մի գնդապետ էր նստած, որն սկսեց հանգիստ մնալու հորդորներ անել: Ես նկատեցի, որ ղարաբաղցու ակցենտով է խոսում, ու ասացի, որ մենք ընդհանուր ցավի համար ենք ոտքի կանգնել, որ իր սիրտն էլ պիտի ցավի Արցախի համար: Նա ասաց. «Ես էլ գիտեմ ամեն ինչ, դու էլ գիտես: Մի բան եմ խնդրում, հանգիստ գնա հանրակացարան: Ձայն չհանես»: Զգացի, որ ներսից հայրենասիրությունը խոսեց այդ մարդու մեջ: Արցախի հարցը բորբոքվեց հատկապես Սումգայիթից հետո: Ադրբեջանցիք Սումգայիթով ուզում էին հայերի աչքը վախեցնել, հայերին լռեցնել, բայց բորբոքեցին մի թեժ կրակ: Ժողովուրդը միահամուռ ոտքի կանգնեց: Փա՛ռք Աստծո, մենք այնքան էլ քիչ չենք: ՈՒ բոլոր տղաների մեջ խոսում էր Անդրանիկ զորավարը: Նրանք կարողացան ազատագրել վաղուց կալանավորված փառահեղ երկիրը:
-Ձեր հայրենի Ջավախքն էլ իր լավագույն օրերը չի ապրում ներկայում: Ի՞նչ եք կանխազգում ջավախահայության համար:
-Ջավախքն էլ է հիմա դատարկվում: Վրաստանը Ղարաբաղից հետո սկսեց զգուշանալ Ախալքալաքի համար: Երբ ջավախահայերը դեռ խորհրդային տարիներին սկսեցին խոսել Հայաստանին միանալու ցանկության մասին, Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Մժավանաձեն ասել էր. «Եթե ուզում են գնալ, թող գնան Հայաստան, բայց հողը մերն է»: Ի՞նչ է այսօր կատարվում Ջավախքում: Տարբեր տեղերից բերում ու բնակեցնում են վրացիների: Կուր գետի ափին ապրած և իրենց տները լքած թուրքերի փոխարեն (նրանց Ստալինն աքսորել էր Ալթայի երկրամաս) բնակեցրին մեծ թվով վրացիների: Կամաց-կամաց բնակվեցին, տարածվեցին և ձեռքները պարզեցին դեպի Ջավախքի հարթավայրը: Այսօր ամբողջ Ջավախքում խտանում են դրանք, տներ են շինում, մտավախություն ունեն, որ մի օր Ախալքալաքն էլ, Արցախի նման, կարող է իրենց գլխին փորձանք բերել: Հիմա Ջավախքում գյուղապետեր, մարզպետներ, ներքին գործերի ղեկավարներ են նշանակվում միայն վրացիները, որպեսզի հայերին պահեն խիստ վերահսկողության տակ: Շատերը վերջին շրջանում հեռացան Ջավախքից, հատկապես` գյուղերից: Գնացին Ռուսաստան: Հիմա Ռուսաստանում Հայաստանի բնակչության չափ հայություն կա երևի:
-Մի բանաստեղծական տող ունեք. «Ծառերն անտառից հեռացան կամաց»: Այսօր շատ արդիական հնչողություն ունեցող խնդիր է սա: Մեր օրերում ծառերը ոչ թե կամաց, այլ խելահեղ վարգով են «հեռանում» անտառներից, մարդիկ պարզապես խոշտանգում, սպանում են ծառերը: Ի՞նչ գնահատական կտաք սրան:
-Դառնամ մեզ քննադատեմ: Այս փոքրիկ Հայաստանում այսօր այնպիսի վայրագությամբ են կտրատում ծառերը, երկու հարյուր տարեկան ընկուզենիներն ու կաղնիները, որ ապշում եմ: ՈՒ այդ կտրատված ծառերի տեղում արտադրամաս, հյուրանոց, ռեստորան են կառուցում: Միայն ծառերը չեն: Հին շենք չեն թողել Երևանում: Քաղաքի պատկերը խաթարվում է: Գոնե մի քանի փողոց պիտի պահեին, որ իմանայինք, թե սրանից հարյուր տարի առաջ ինչ պատկեր է ունեցել Երևանը: Վալտեր Արամյանը, Հրաչյա Հովհաննիսյանն ինձ պատմում էին հին Երևանի փողոցների, տների մասին: Այդ գեղեցկություններն իսպառ վերացել են մեր քաղաքից: Խտանում է Երևանի կենտրոնը: Հիմա Երևանում կառուցվում են շենքեր, որոնց մեջ ոսկու նման փայլում են այդ հրաշք ճարտարապետի` Ալեքսանդր Թամանյանի կառուցած շենքերը: Ի՞նչ շենք կարելի է համեմատել օպերայի շենքի հետ: Բայց դա խամրում է, երբ կողքին մի ցցվածք է բուսնում: Դա նույնն է, թե մի գեղեցկուհի աղջիկ պատառոտված շորեր հագնի: Այդ անճոռնի շենքերը Երևանում կառուցելու փոխարեն, թող մեր գյուղերը շենացնեն: Սահմանամերձ գյուղերում դպրոցներ կան, որտեղ մեկ աշակերտ է ընդամենը հաճախում: Ոչ թե պետք է Երևանի կենտրոնում շենք շենքի վրա լցնեն, որ մի թեթև երկրաշարժից էլ այդ շենքերը մեկ-մեկու վրա փլվեն ու իրար քանդեն, այլ պետք է մեր ունեցած միջոցներն ուղղեն դեպի հեռավոր գյուղերը: Ես մի ներքին ցավ ունեմ, որ մեզանում այս չափերի է հասել արտագաղթը: Սա մեզ դատարկում է: Երբ կարդում եմ թերթերում, թե ինչ քանակով հայություն է դուրս գալիս երկրից, չեմ կարողանում հասկանալ, թե ուր է հասնելու Հայաստանն ի վերջո: Ցրված ենք աշխարհով: Երկիր չկա, ուր հայ չլինի: Արտագաղթի ճանապարհը փակել է պետք: Այս հարցերն են ինձ` որպես գրողի, անհանգստացնում:

-Շատ բանաստեղծություններ եք ձոնել Ձեր գրչընկերներին` Պարույր Սևակին, Համո Սահյանին, Սերո Խանզադյանին, այլոց: Դուք գրական ասպարեզ եք եկել այն ժամանակ, երբ այս մարդիկ արդեն ճանաչված ու սիրված էին: Ինչպե՞ս էիք Ձեզ զգում այս աստղաբույլում: Դժվար չէ՞ր:
-Դժվար չէր, որովհետև մենք նրանց հանդեպ պատկառանք ունեինք, ամաչում էինք նրանցից: Ես դեռ գյուղում ապրելիս էի երազում Սևակին տեսնել: Երբ աշխատում էի «Հայրենիքի ձայն» թերթում, մի օր նա ներս մտավ, իսկ ես իրեն չէի ճանաչում: Նոր էր տպագրվել առաջին գիրքս: Հովհաննես Մելքոնյանը մեզ ծանոթացրեց: Սևակն ասաց, որ կարդացել է գիրքս, որ Ջավախքը պոեզիայի երկիր է: Շատ սիրով, ջերմությամբ խոսեց: Շատ մտերիմ էի Համո Սահյանի հետ, այդ հրաշք բանաստեղծի: Շիրազն անկրկնելի էր, նրա նման երկրորդն աշխարհում չկա: Ո՞ր մեկին հիշեմ` Սերո Խանզադյան, Հրաչյա Հովհաննիսյան: Նրանցից հետո ամբողջ այդ տարածությունը դատարկվեց, ու մենք էլ բոբիկ մնացինք կարծես:
-Մի բանաստեղծություն ունեք` «Քնած է վանքը Աստծո թևի տակ»: Դուք անդրադառնում եք մեր վիրավոր, լքված վանքերի թեմային: Այսօր, երբ նորոգվում են վանքերը, կառուցվում են նորերը, Ձեզ` որպես հավատավոր քրիստոնյայի, սա մխիթարո՞ւմ է:
-Ես վանքի յուրաքանչյուր ընկած քարի հետ ընկնում եմ ցած: Իսկ երբ վերանորոգում են, կարծես կոտրված սիրտս տեղն է ընկնում: Ցավոք, վերանորոգումները մեզանում դադարել են, քանդում են, շատ են քանդում: Պատմական կոլորիտը Հայաստանից բացակայում է: Մի ժամանակ ասում էին` թանգարան բաց երկնքի տակ: Հիմա այդ թանգարանը նոսրանում է: Ինչո՞ւ են Հայաստանի այլ շրջաններից խաչքարերը տեղափոխում Երևան: Երևանում իբր քիչ է խտացումը, հիմա էլ դրանցով են խտացնում: Հեռավոր շրջաններն իսպառ դատարկում են: Եթե այդ նշանավոր խաչքարերն ու հուշարձանները չեն թողնում իրենց տեղերում, էլ ո՞վ պիտի գնա այդ տարածքները: Էլ զբոսաշրջիկին ինչո՞վ պիտի հրապուրեն այդ հեռավոր գյուղերը: Սա շատ դաժան բան է: Ցավում եմ: Եթե այդ խաչքարերը օտարի ձեռքում մնացած հողից բերեին Երևան, ինչպես, ասենք, Նախիջևանից, ես միայն ուրախ կլինեի: Մենք մեզ ենք հիմա թշնամություն անում: Աստծո զորությունը երկնքում ես միշտ տեսնում եմ: Ամեն ինչ կարգավորողն ինքն է: Ինքն է անում ամեն բան: Բայց մարդիկ կան, որ այսօր փողոցում ինչ-որ քարոզներ են կարդում: Կան գյուղեր, որոնք ուղղակի աղանդավորներով լցված են: Այդ աղանդավորներն էլ մի կողմից են մեր տունը քանդում:
-Ի՞նչ եք գրում հիմա:
-Գրում եմ այսօրվա անցուդարձի մասին: Ես գրում եմ մթության մեջ. երբ լույսը վառվում է, իմ մտքերը փախչում են: Երբ մթան մեջ գրում-վերջացնում եմ, վառում եմ լույսն ու ինքս ինձնից արտագրում եմ: Այսպես եմ ստեղծագործում: Կարդամ վերջին բանաստեղծություններիցս մեկը.
Ինձ ո՞ւր է տանում
Այս կարոտ բառը,
Այս կարճ ու երկար
Ճամփի բարբառը,
Գնում` պրպտում,
Փնտրում,
Քրքրում,
Իմ հին որմերի
Տեղը չեմ գտնում։
Ո՞Ւր է աղքարը,
Ո՞Ւր է խաչքարը,
Ո՞Ւր է սևացած օջախի քարը։
Ինձ խմորողի ձեռքերը ո՞ւր են,
Որ երկարում էր
Երկնավորին,
Որ աղոթքով էր պարպում իր օրը։
Այն, որ քարից քար
Դեռ քար է ծնվում,
Օրն իմ` երկունքի ցավով է սնվում։
Ինձ ո՞ւր է տանում
Այս քարե բառը,
Այս քարե ցավը,
Ցավով քարացած`
Այս հուշարձանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ